Օրեր առաջ մարտի մեկի հանգամանքների բացահայտման փաստահավաք խմբում ստեղծված ճգնաժամը ներկայացնելով որպես դրա անդամների` քաղաքական օրակարգից դուրս չգալու, որպես անկախ փորձագետներ չգործելու հետևանք` ՀՀ նախագահի մամլո խոսնակ Սամվել Ֆարմանյանն ուղղակի հանրությանը նախապատրաստեց խմբի լուծարմանը: Եվ ոչ ոք չզարմացավ, երբ անցած երկուշաբթի հայտնի դարձավ, որ ՀՀ նախագահը նոր կարգադրագիր է ստորագրել փաստահավաք խմբի գործունեությունը դադարեցնելու մասին: Դրանով էլ վերջ գտավ այն ֆարսը, որը մոտ 6 ամիս արաջ սկսվել էր Եվրախորհրդի պահանջով, և մի կողմից բացարձակապես ձեռնտու չէր իշխանությանը, մյուս կողմից որևէ հավատ չէր ներշնչում թե հասարակությանը, թե ընդդիմությանը: Փաստահավաքի ձախողման համար հավասարապես պատասխանատու են իշխանությունը, ընդդիմությունը և հասարակությունը: Իշխանությունն ամեն կերպ ոխչընդոտում էր խմբի գործունեությանն անցած ողջ ընթացքում` հիմնականում համապատասխան աշխատանքային պայմաններ չապահովելու, խմբի գործունեության անկախությունն ու օբյեկտիվությունը չերաշխավորելու համար: Հենց իշխանության շնորհիվ փաստահավաք խումբը ոչ միայն կցվեց ԱԺ-ում ստեղծված` մարտի մեկի իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովին, այլ նաև իշխանության նախաձեռնությամբ սկսեց աշխատել խորհրդարանի շենքում, այսինքն իշխանության լիակատար վերահսկողության պայմաններում: Ընդդիմությունը` ի դեմս Հայ ազգային կոնգրեսի և < Ժառանգություն > կուսկացության, ծայրահեղությունների մեջ էին ընկնում` քաղաքականացնելով խմբի գործունեությանը վերաբերող ցանկացած դետալ, դրանով ավելի զգուշավոր դարձնում իշխանությանը: Հենց ընդդիմության ներկայացուցչների մեղքով մեկ ամիս առաջ լրատվական դաշտ սպրդեց մարտի մեկին ոստիկանության սպա Համլետ Թադևոսյանի մահվան հանգամանքների վերաբերյալ խմբի կողմից հավաքված, ամփոփված տեղեկատվությունը, որը իշխանությանը վերջնականակես համոզեց, թե ընդդիմությունը չի պահպանելու գաղտնիության ռեժիմում գործելու պայմանը, այդ արդյունքներն օգտագործելու է քաղաքական նպատակներով, ուստի խմբի գործունեության շարունակությունը համարվեց աննպատակահարմար և այն լուծարելու քաղաքական որոշում կայացվեց: Հանրության մեղքը թե փաստահավաքի գործունեության, թե նրա շուրջը ծավալվող վերջին զարգացումների նկատմամբ դրսևորած քար անտարբերությունն էր, որի պայմաններում խմբի գործունեության դադարեցումը այս աստիճան հեշտ ու սահուն եղավ: Հետաքրքրական էր այն հանգամանքը, որ անգամ Համլետ Թադևոսյանի մահվան հանգամանքների մասին խմբի անդամներից մի քանիսի հրապարակված եզրակացությունները որևէ հասարակական ռեզոնանս չառաջացրին: Այս իրողությունները խոսում են այն մասին, որ փաստահավաք խումբը դատապարտված էր ունենալու հենց այսպիսի վախճան, որովհետև այն ստեղծվել ու գործում էր քաղաքական փոխադարձ անհանդուրժողականության, փոխադարձ վստահության ճգնաժամի ու հասարակական բացարձակ անտարբերության պայմաններում: Ինչևէ, հիմա առավել կարևորվում է երկու հիմնական հարց: Առաջին` ի՞նչ ճակատագիր են ունենալու այն փաստերը, տեղեկություններն ու նյութերը, որոնք անցած ամիսների ընթացքում կուտակվել էին փաստահավաք խմբում, արդյո՞ք դրանք կհրապարակվեն, թե՞ ոչ: Երկրորդ` ի՞նչ քաղաքական հետևանքներ կարող է ունենալ փաստահավաքի լուծարումը:Մարտի մեկի իրադարձությունների, պատճառների հարցերով ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը փաստահավաքի դե յուրե լուծարման բառոցիորեն հաջորդ օրը կոչ արեց ընդդիմությանը, քաղաքական ուժերին` մինչև հունիսի վերջ հանձնաժողովին ներկայացնել մարտի մեկի հետ կապված լրացուցիչ նյութեր, եթե այդպիսիք կան: Հաջորդ օրը փաստահավք խմբի ընդդիմության ներկայացուցիչները մամուլով տեղեկացրին, որ խմբի ղեկավար, ՄԻՊ ներկայացուցիչ Վահե Ստեփանյանը, առանց իրենց տեղյակ պահելու, փաստահավաքի ձերք բերած ողջ տեղեկատվությունը փոխանցել է ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին: Ընդ որում նրանց վրդովվեցրել էր այն, որ այդ նյութերի պատճաններն իրենք չեն հասցրել ձեռք բերել, հետևաբար հետագայում ոչինչ չեն ունենալու անհրաժեշտության դեպքում հրապարակելու համար: Կարճ ասած` փաստահավաքի ընդդիմադիր անդամներին կանգնեցրել էին փաստի առաջ: Հիմա ոչ ոք չի կարող ասել, թե Սամվել Նիկոյանի գլխավորած ժամանակավոր հանձնաժոովն իր վերջնական զեկույցը պատրաստելիս ինչ չափով կներառի դրանում փաստահավաքի կուտակած նյութերը կամ կներառի՞ արդյոք ընդհանրապես: Եթե փաստահավաքի ընդդիմադիր անդամների մոտ ինչ-ինչ նյութեր մնացած լինեն, ապա առաջիկայում կարելի է սպասել դրանց հրապարակումը: Սակայն ամենայն հավանականությամբ նրանց տրամադրության տա չկան իսկապես այնպիսի < < ցնցող > > տեղեկություններ, որոնք ինչ-որ նոր բան կարող են բացահայտել: Ակնհայտ է, որ փաստահավաք խմբի գործունեությունն այսպես չէր դադարեցվ, ԱԺ վերոնշյալ հանձնաժողովը նոր նյութեր ներկայացնելու առաջարկություն չէռ անի, եթե նախօրոք խմբի անդամները < վնասազերծված > չլինեին: Ամեն դեպքում, գնալով փաստահավաքի լուծարման ճանապարհով` իշխանությունը փորձում է չեզոքացնել դրանից հնարավոր անսպասելի զարգացումների թեկուզ փոքր հնարավորությունը, ավելի ճիշտ դրա հասարակական սուր արձագանքը: Փաստահավաք խմբի շուրջ ստեղծված իրավիճակից հասարակական ուշադրությունն արդեն իսկ կարելի է շեղված համարել: Իշխանությանը հաջողվեց հասնել դրան` սկսելով այսպես կոչված համաներման պրոցեսը, որը հանրապետության նախագահի թեթև ձերքով վերածվեց յուրատեսակ արհեստական < < շարժման > >: Ողջ հանրությանն այսօր ընդամենը մեկ հարց է մտահոգում. արդյո՞ք համաներումը կվերաբերի մարտի մեկի գործով անցած և անցնող ընդդիմադիր ակտիվիստներին կամ որքանո՞վ կվերաբերի: Այս նոր զարգացումների քողի տակ իշխանությունն իսկապես փաստահավաքի գոյության խնդիրը դարձրեց անիմաստ, թեև 2008թ. մարտի մեկի իրադարձությունների ժամանակ զոհվածների, մահվան հանգամանքների ու իրական մեղավորների թնջուկը դեռ երկար ժամանակ կմնա հանրության մտորումներում, չի իջնի քաղաքական օրակարգից: Սակայն դրա քաղաքական ազդեցությունը, հատկապես քաղաքական մոտիվներով դատապարտված անձնաց ազատ արձակումից հետո այլևս նախկին քաղաքական արժեքը չի ունենա: Հետևաբար կարելի է ասել, որ փաստահավաք խմբի գործունեության դադարեցումը որևէ լուրջ քաղաքական պրոցեսների պատճառ չի դառնա: Իսկ համաներման գործընթացը, որի սկսման պատճառներից մեկը կարող էր իսկապես լինել փաստահավաքի անդամների կողմից հետագայում այլ փաստերի հրապարակման հասարակական ազդեցոությունը թուլացնելը, ավելի լայն, ընդգրկուն քաղաքական պրոցես է` ավելի շոշափելի ու տեսանելի քաղաքական հետևանքներով: Ուշագրավ է, որ իշխանությունը համաներման գործընթացին իրական թափ հաղորդեց Երևանի ավագանու ընտրություններից անմիջապես հետո: Համաներում իրականացնելու պատրաստակամություն ՀՀ նախագահը հայտնեց մայիսի 28-ին` ըստ էության քվեարկության նախօրեին: Իհարկե, դրանով իշխանությունը հանրության ուշադրությունը ընտրական աժիոտաժից շեղելու նոր մանյովր կատարեց, բայց էականը դա չէր: Երևանի ավագանու ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ արմատական ընդդիմությունը չկարոցավ ստանալ անքան ձայն, որքան նախորդ տարի նախագահական ընտրությունների ժամանակ: Ընդ որում Տեր-Պետրոսյանի համախոհ ընտրազանգվածը ոչ թե նրա թիմի օգտիվ չքվեարկեց, այլ ընտրատեղամաս չգնաց ընդհանրապես: Սա չափազանց լուրջ քաղաքական ազդակ էր այն մասին, որ ՀԱԿ-ի հասարակական վստահության ռեսուրսն էականորեն կրճատվել է և որ վերացել է այս ուժի միջոցով ամեն ինչի պատրաստ կրիտիկական զանգված փողոց դուրս բերելու վտանգը: Այս առումով բոլորովին պահահական չէր մի քանի օր առաջ մոսկվահայ գործարարների հետ հանդիպման ընթացքում ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի` այդ մասին արած ուղղակի ակնարկը. < < Քաղաքական իրավիճակը Հայաստանում վերջնականապես կայունացել է, հատկապես Երևանի քաղաքապետի ընտրություններից հետո։ Մենք ստացել ենք նաև դրական գնահատականներ միջազգային դիտորդների կողմից։ Բացի այդ, ընդդիմությունը ստացել է ավելի քիչ ձայներ, քան նախագահական ընտրությունների ժամանակ, և դա, իհարկե, ուժեղ ձևով կայունացրել է վիճակը։ Այսինքն, այնպիսի ագրեսիվ ընդդիմություն, որը պատրաստ է գնալ գործողությունների, որը կբերի քաղաքական անկայունության, կարծեք թե, այդպիսի կրիտիկական պոտենցիալ Հայաստանում այսօր գոյություն չունի > >,-ասել է ՀՀ վարչապետը: Ստեղծված նոր քաղաքական իրավիճակում ՀԱԿ-ն այլևս այնպիսի վտանգ չի ներկայացնում իշխանության համար, որ նրա հիմնական հարվածային ուժը` ներկայում ազատազրկված ակտիվը, շարունակի մնալ անազատության մեջ: Եթե նկատի ունենանք, որ այս մարդկանց կարգավիճակի հարցն է միայն որպես քաղաքական պայքարի < < գործիք > > հանդիսանում ՀԱԿ-ի համար, ապա նրանց ազատ արձակումը ընդդիմությանը կարող է զրկել նաև դրանից: Ընդ որում, իշխանությունը այս խնդիրը փորձում է լուծել` ՀԱԿ-ին վերջնականապես մարգինալացնելու հույսով: Պատահական չէ, որ ՀՀ նախագահը համաներում իրականացնելու պրոցեսը վերածում է համահասարակական միջոցառման` դրա մասնակիցը դարձնելով հասարակական-քաղաքական հնարավորինս շատ շրջանակների: Համաներում անցկացնելու առաջարկներով նախագահին դիմելու վերջինիս սկսված < < շարժումը > > բարեհաջող լուծում է այդ խնդիրը: Դրանով նախագահը փորձում է ցույց տալ, որ նախ ինքն է ընդառաջ գնում հասարակական պահանջներին, և երկրորդ` հաարակությունը համախմբված է իրականում ոչ թե ընդդիմության, այլ իր ու իշխանության շուրջ: Սա ուժեղ հարված կարող է լինել ընդդիմության համար, որն առանց այն էլ երևանյան ընտրութոյւններից հետո ստրատեգիական ու մարտավարական նոր առաջնահերթություններ որոշելու հրամայականի առջև է հայտնվել: Սակայն իշխանությունը համաներում անցկացնելու նաև այլ պատճառ ու շարժառիթ ունի: Այս ամսվա վերջին կայանալու է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը, որի օրակարգում է նաև այդ կառույցի առջև ՀՀ ստանձնած պարտավորությունների կատարման հարցը: Հենց < < քաղբանտարկյալների > > առկայությունը մինչև հիմա չվերացնելն է պատճառը, որ եվրոպացիները որոշել են Հայաստանի մասին բավականին կոշտ բանաձև ընդունել: Դա կանխելու գործնականում միակ տարբերակն այդ մարդկանց ազատություն շնորհելն է, ինչն էլ այսպիսի հապճեպությամբ փորձում է գլուխ բերել իշխանությունը: Այս նպատակով է, որ նախկինում միտումնավոր արհեստական երկարաձգումներից հետո < < 7—1 > >-ի գործն արագ դատական հանգուցալուծման հասցնելու խնդիր է դրվել: Պատահական չէ, որ չնայած այս գործով անցնողների դատական պրոցեսներն ընթանում էին միմյանցից առանձին, սակայն բոլորի դատավճիռներն էլ կայացվեցին գրեթե միաժամանակ: Դա անհրաժեշտ է նրա համար, որպեսզի համաներում հայտարարելու պահին այդ մարդկանց նկատմամբ ուժի մեջ մտած դատավճիռներ լինեն: |
|